Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խումբը, Lost Dog պարարվեստի թատրոնի հետ համագործակցությամբ, Բրիտանական խորհրդի աջակցությամբ ներկայացնում է «Արգոնավորդները» (The Argonauts) ներկայացումը, որով նշանավորվում է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի չորսամյա գործունեության ամենամեծ նվաճումներից մեկը։ Աշխատարանների, կրթական ֆորումների և կենդանի կատարումների միջոցով ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող կատարողների ներառականության ապահովմանը Ուկրաինայի և Հարավային Կովկասի երկրների կատարողական արվեստի ասպարեզում: «Արգոնավորդներ» ներկայացման միջոցով «Պար` առանց սահմանների» ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր երկրներից ժամանած տասը պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ, հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողներ աշխատում միասին, որպես մեկ թիմ: Այս պրոֆեսիոնալ ներկայացումը 2019 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Կիևում գրեթե 20 օր տևողությամբ երեք փուլով անցկացված փորձերի արդյունքն է։
«Արգանավորդները» Lost Dog պարարվեստի թատրոնի գեղարվեստական ղեկավար Բեն Դյուկի մտահղացումն է՝ «Կանդուկո» ներառական պարային խմբի դասընթացավարներ և պրոդյուսերներ Ուելլի Օ’Բրայենի, Ջեմիմա Հոուդլիի և Էլլի Դուգլաս-Ալանի հետ համատեղ: 20 րոպեանոց ներկայացումը «հայացք է, թե ինչպես ենք պատմությունները պատմելու և վերապատմելու միջոցով կառուցում մեր անհատական և կոլեկտիվ ինքնության զգացողությունը: Դա մի ներկայացում է առասպելականի և աշխարհիկի մասին, և թե ինչպես դրանք իրականում շատ ավելի մոտ են, քան կարծում ենք» (Բեն Դյուկ, գեղարվեստական ղեկավար, Lost Dog պարարվեստի թատրոն):
Դիտեք ետնաբեմի կադրեր փորձերից և աշխատարաններից, որոնք վարում են գեղարվեստական ղեկավար Բեն Դյուկն ու պրոդյուսեր Ուելլի Օ’Բրայենը։ Կիևում անցկացված դասընթացներից լուսանկարներ կարող եք դիտել մեր Flickr էջում։
«Արգանավորդներ» ներկայացման պրեմիերան կկայանա սեպտեմբերի 25-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այնուհետև «Արգանավորդները» կժամանի Երևան և կցուցադրվի «Հայֆեստ» միջազգային կատարողական արվեստի փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին։