Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին, երբ «Կանդուկո» ներառական պարային խումբը Երևանում հանդես եկավ հիշարժան ներկայացմամբ, որին հաջորդեց չորս հայ պարուսույցի այցելությունը Միացյալ Թագավորություն, որտեղ նրանք վերպատրաստման դասընթացներ անցան «Կանդուկո» խմբում։ Հայաստան վերադառնալուց հետո, 2014 թվականի գարնանը կազմակերպվեց ներառական պարի դասընթացների շարք, որի արդյունքում 19 մասնակից մրցույթով ընտրվեց հետագա պարապմունքների համար։ Նույն թվականի մայիսին Երևանում խումբը մասնակցեց «Կանդուկո» պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Պեդրո Մաչադոնի և պարուսույց Վիկտորիա Մալինի դասընթացին: Այս դասընթացի մասնակիցներից էլ ձևավորվեց Հայաստանում առաջին պարային ներառական խումբը, որը մինչ օրս գործում է «Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոնին կից։
2014 թվականի հոկտեմբերին «ՀայՖեստ» փառատոնի շրջանակում տեղի ունեցավ պարային խմբի «Մի լքիր ինձ» բեմադրության պրեմիերան: Այն արժանացավ Հայաստանի թատերական գործիչների «Արտավազդ» մրցանակի։ 2015 թվականի հունիսին Հայաստան էին այցելել Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին: Նրանք աջակցեցին պարային նոր «Կարոտահար» ներկայացման բեմադրությանը, որի պրեմիերան տեղի ունեցող սեպտեմբերին։ «Կարոտահար» ներառական ներկայացմամբ թատերախումբը հաջորդ տարի մասնակցեց Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին: «Կարոտահար» ներկայացումը կարող եք դիտել այստեղ։
Իր առաջին ներկայացումից մինչ օրս պարային խումբը հանդես է եկել վեց տարբեր ներառական բեմադրություններով, որոնք ներկայացվել են հարյուրից ավել անգամ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Շոտլանդիայում։ Խումբը հանդես է եկել ընդհանուր թվով շուրջ 15 հազար հանդիսատեսի առջև։ «Պարեր` առանց սահմանների» նախագծի շրջանակում ներառական պարի շուրջ 30 դասընթացներ են կազմակերպվել, որոնց մասնակցել է 550 մարդ, իսկ Հայաստանի թատերական ներկայացման յոթ սրահ հարմարեցվել է հատուկ կարիքներ ունեցող հանդիսատեսի համար` դառնալով ավելի մատչելի։