Երկարատև դադարից հետո նախորդ տարի Հայաստանում կայացավ Եվրոպական ֆիլմերի փառատոն, որի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացվեց եվրոպական 11 երկիր ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվեցին մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Դիլիջանում: Մուտքն ազատ էր այցելուների համար:

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ։  Բոլոր ցուցադրությունները տեղի ունեցան «Մոսկվա» կինոթատրոնում յուրաքանչյուր օր ժամը 17:00-ին` բնօրինակը անգլերեն ենթագրերով և 19:00-ին` բնօրինակը հայերեն ենթագրերով։ 

Փառատոնը շարունակվեց մարզային ցուցադրություններով մինչև նոյեմբերի 30-ը և ուղեկցվեց մրցութային և մշակութային հարուստ ծրագրով, ներառյալ` լուսանկարչական մրցույթով, կլոր սեղան-քննարկումներով և վարպետության դասերով։ 

Փառատոնն անցկացվեց Մշակութային ժառանգության եվրոպական տարում, որի նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը: 

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կազմակերպվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս որպես փառատոնի իրականացնող գործընկեր։ 

Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի փակման արարողութունը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին Ս. Փարաջանովի թանգարանում, որին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, փառատոնի հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամփոփվեց եվրոպական ֆիլմերի փառատոնի արդյունքները, մրցութային ծրագրում հաղթող ճանաչված մասնակիցները ստացան մրցանակներ, գործընկեր կազմակերպություններն էլ ստացան շնորհակալագրեր:

Իր ամփոփիչ խոսքում ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ փառատոնը Հայաստանի մշակութային օրացույցում նոր գույն է հաղորդել. «Սա առաջին եվրոպական ֆիլմերի փառատոնն է Հայաստանում երկարատև դադարից հետո և հուսով ենք, որ հետագա տարիներին կլինի շարունակություն: Այս ավանդույթը պետք է կրկնել հետագայում: Փառատոնի նպատակն է ոչ միայն տարածել եվրոպական մշակույթը, այլև ավելի ոգեշնչող և ամուր դարձնել Եվրոպայի և Հայաստանի միջև կամուրջը»։ 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր խոսքում նշեց. «Շուրջ երեք շաբաթ հայ հանդիսատեսին  մատուցվեց եվրոպական  ֆիլմարտադրության  վերջին երկու տարում նկարահանված լավագույն  գործերը։ Այս ընթացքում մենք փորձեցինք  ներկայացնել եվրոպական ֆիլմարտադրության  բազմազանությունը, որոնք արտահայտված էին ոչ  միայն թեմատիկ խորությամբ ու մշակույթների ու  մարդկանց տեսակետների բազմազանությամբ, այլև  պատմում էին մարդկային հարաբերությունների  դրաման, որը ծավալվում էր իրական կյանքում   մարտահրավերների ֆոնին»: