Այս զեկույցը ներկայացնում է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում Անգլերենը որպես դասավանդման լեզու (ԱԴԼ) համատեքստը, ինչպես նաև ԱԴԼ թիրախային շահակիցների փորձառությունն ու վերաբերմունքը։ Հետազոտությունն իրականացրել է պրոֆեսոր Էնդրյու Լիննը 2019 թ.-ի հոկտեմբերից մինչև 2020 թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Հետազոտության համար հիմք են ծառայել ընտրված համալասարաններ կատարված այցելությունները, ինչպես նաև առավել ընդգրկուն հարցաթերթիկների ուսումնասիրությունը: Հետազոտության ուշադրության կենտրոնում ԱԴԼ-ի իրականացման գործընթացում ներգրավված բոլոր շահակիցների փորձառության ուսումնասիրությունն էր՝ ներառյալ նախարարության պաշտոնյաները, համալսարանի ղեկավարները և վարչական անձնակազմը, դասախոսներն ու ուսանողները։ Հարցմանը մասնակցած շահակիցների ամենալայն ու ամենաստվար զանգվածը ուսանողներն էին։

Այս զեկույցը մշակելու ժամանակաշրջանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնվում էր Բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման նոր ռազմավարության մշակման գործընթացում։ Վերոգրյալ ռազմավարության անկյունային հիմնասյունը. «Օտար լեզուներով կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն է ... [որը] կբարձրացնի ԲՈՒՀ-ի հասանելիությունը միջազգային ուսանողների և կխթանի կրթության գրավչությունը տեղի ուսանողների համար»։ Ռազմավարության մշակման գործընթացին աջակցելու և տեղեկատվություն տրամադրելու նկատառումներից ելնելով՝ Բրիտանական խորհուրդը հանձն առավ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում ԱԴԼ ներկայիս իրավիճակի և դրա առաջընթացի ուսումնասիրությունն իրականացնելու գործընթացը, որի շրջանակներում առաջ կքաշվեն նաև մի շարք խորհրդատվություններ։

Խորհրդատվություններն արտացոլում են այն փաստը, որ բարձրագույն կրթության տիրույթում ԱԴԼ-ն «հավաքական» երևույթ է, այլ ոչ լոկ համալսարանական դասընթացների սահմաններում գոյություն ունեցող իրողություն.

  • Այն կախված է ավագ դպրոցում անգլերենի դասավանդումից (այն, ինչ տրվում է և այն, ինչ ընկալվում է)
  • Այն իրողություն է մի միջավայրում, որտեղ անգլերենն օգտագործվում է ավելի լայն հասարակության կողմից
  • Այն գոյություն ունի և գոյակցում է հայերենով դասավանդվող դասընթացների կողքին
  • Այն թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների բազմալեզու իրականության մասնիկն է
  • Այն սնում է ապագայահեն աշխատատեղերի հեռանկարները և արձագանքում է տեղական և ազգային տնտեսության կարիքներին։

Ամբողջական զեկույցը հասանելի է այս էջի ներքևում տեղադրված հղմամբ։