Տղա աշակերտը նստած է գրասեղանի առջև, գրիչը ձեռքին, նայում է տեսախցիկին
Հայկ Մկրտչյան, Սևան քաղաքի Անգլերենի ակումբի աշակերտ, ով սովորում է 6-րդ դասարանում։ Փետրվար, 2021 

Հայկ Մկրտչյանը, ով ուսանում է Սևան քաղաքի Անգլերենի ակումբում, պատմում է լեզուն սովորելու իր մեթոդի մասին և խորհուրդներ տալիս` ինչպես հաջողել։

Հայկ Մկրտչյանն արդեն 2-րդ տարին է, ինչ ուսանում է Անգլերենի ակումբում։ Հանրակրթական դպրոցում նա 6-րդ դասարանի աշակերտ է։ Ապրում է Սևանում։ Հայկն ասում է, որ ոչ միայն սովորում է, այլև վայելում ու հաճույք ստանում սովորելուց։ Հայկի հետ հարցազրույցը վարել ենք անգլերենով, նա այնքան սահուն ու հարթ էր խոսում, որ տպավորություն էր, թե ընտանիքում կան անգլախոսներ, պարզվեց, որ ոչ։ Նա բացի դպրոցից ու Անգլերենի ակումբից, այլ դասերի չի հաճախում։ Հայկը սա բացատրում է իր մեծ սիրով՝ անգլերենի հանդեպ, ինչպես նաև մեծ երազանքով՝ հաջողության հասնել Անգլիայում։

Հետադարձ հայացք նետելով, Հայկն ասում է, թե ամենատպավորիչն հենց առաջին դասն է եղել ակումբում, երբ ուսուցիչը խաղի միջոցով, զվարճանքի վերածելով սովորելը ՝ կապել է նրանց սրտերը ակումբին։

«Ես դպրոցի դասերս էլ եմ սիրում, բայց ակումբում հաղորդակցությունն այլ է. Անգլերենի ակումբում մենք անդադար խոսում ենք դասարանում, քննարկում, շփվում, խաղեր խաղում անգլերենով։ Այս ամենն օգնում է մտածել անգլերեն, խոսելն էլ ինքնաբերաբար հեշտանում է։ Անգամ առցանց հարթակում դասերը հագեցած ու հետաքրքիր են անցնում։ Խաղեր ենք խաղում։ Խաղերը միշտ շեշտում եմ, որովհետև հասկացել եմ, որ ես էլ, ընկերներս էլ հենց այդ շփումների շնորհիվ ենք ավելի լավ յուրացնում կրթական նյութը»։ 

Հայկն ասում է, թե դեռ չի որոշել ինչ է դառնալու. «Իրոք դժվար է. ես մտածում եմ, մտածում, բայց դեռ չեմ կարողանում կողմնորոշվել։ Մի բան հաստատ գիտեմ՝ դեռ մի քանի լեզու էլ պիտի սովորեմ։ Հիմա խոսում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ուզում եմ տիրապետեմ նաև գերմաներին, դրանից հետո կսովորեմ նաև ֆրանսերեն։

Հայկը պատմում է, որ իրենց ակումբում բոլորն էլ գերազանց են տիրապետում անգլերենի և շփվում են միայն անգլերեն։ Բոլոր աշակերտներին, ովքեր ցանկանում են բարելավել իրենց լեզվի մակարդակը, Հայկը խորհուրդ է տալիս՝ եթե ֆիլմ են դիտելու, դիտեն անգլերենով, խաղերն էլ խաղան անգլերենով, գրքեր էլ կարդան. ադպիսով անգլերենը կմտնի իրենց կյանք, կուղեկցի նրանց ու կդառնա հարազատ. «Եթե սիրես անգլերենը, շատ հեշտ կսովորես, դժվար ոչինչ չկա։ Ես շատ չեմ տրամադրում պարապելուն, ես ուղղակի շատ եմ զբաղվում անգլերենով, իմ առօրյան հագեցած է անգլերեն ժամանցով»։ 

Ծրագրի մասին 

«Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբներ. բարելավելով հմտությունները հանուն ուժեղ հասարակության» նախաձեռնությունը եռամյա կրթական ծրագիր է, որի նպատակն է զարգացնել երիտասարդների հմտությունները՝ զինելու նրանց վստահությամբ և բարելավելու ապագայում կրթության և աշխատանքի հնարավորությունները: Այս նախաձեռնությունը կխրախուսի առավել համախմբված, կայուն և բարեկեցիկ համայնքների զարգացումը Հայաստանում՝ տարատեսակ հմտությունների զարգացմամբ:

Բրիտանական խորհուրդն այս նախաձեռնությունը ծրագրել և մշակել է Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես նաև