«Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբներ. բարելավելով հմտությունները հանուն ուժեղ հասարակության» նախաձեռնությունը եռամյա կրթական ծրագիր է, որի նպատակն է զարգացնել երիտասարդների հմտությունները՝ զինելու նրանց վստահությամբ և բարելավելու ապագայում կրթության և աշխատանքի հնարավորությունները: Այս նախաձեռնությունը կխրախուսի առավել համախմբված, կայուն և բարեկեցիկ համայնքների զարգացումը Հայաստանում՝ տարատեսակ հմտությունների զարգացմամբ:
Բրիտանական խորհուրդն այս նախաձեռնությունը ծրագրել և մշակել է Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նաև ՀՀ հեռավոր և մեկուսացված համայնքներում Բրիտանական խորհրդի գործընկերների աջակցությամբ: Շահառու հանդիսացող արական և իգական սեռի աշակերտները ծրագրից օգտվելու հավասար հնարավորություններ կունենան։
Ծրագրի նպատակները
Այս ծրագրով ցանկանում ենք առաջարկել անգլերենի բարձրորակ դասընթացներ բոլոր աշակերտներին, ինչպես նաև բարձրացնել համայնքներում բնակվող երիտասարդների հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և երկխոսությունը՝ զարգացնելով նրանց քննադատական մտածողությունը, խնդիրները լուծելու կարողությունը, հաղորդակցման և բանավիճելու հմտությունները՝ միևնույն ժամանակ հաղորդակից դարձնելով նրանց արտաքին աշխարհի հետ: Ակումբների մասնակիցները հնարավորություն կունենան բարձրաձայնել տարբեր տեսակետեր և կարծիքներ, քննադատորեն վերլուծել իրավիճակներն ու ազատ արտահայտել իրենց կարծիքները: Շահառուները հավասարապես կօգտվեն ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Բրիտանական խորհուրդը նաև աշխատանք կծավալի ընտրված համայնքների անգլերենի ուսուցիչների հետ՝ Միացյալ Թագավորության փորձն ու ռեսուրսներն օգտագործելով ուսուցիչների ինքնավստահությունը բարձրացնելու, հմտությունները և գիտելիքները զարգացնելու համար: Բրիտանական խորհուրդը կիրականացնի ուսուցիչների կարիքների վերլուծություն, կտրամադրի նրանց զարգացման հնարավորություններ և կխթանի դասավանդման նորարական ռեսուրսների և մոտեցումների կիրառումը դասավանդման ընթացքում:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն Ուսուցիչների աշխատանքային նոր խմբեր, որտեղ նրանք կարող են քննարկել նոր գաղափարներ, համօգտագործել իրենց դասավանդման փորձը և վերլուծել տեղական կարիքները: Բրիտանական խորհուրդը կաջակցի ուսուցիչներին՝ ապագայում համայնքներում դրական փոփոխություններ տեսնելու ակնկալիքով։