Անգլերենի ուսուցչուհի Լուսինե Մադաթյանը մասնակցում է «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին, 12 հոկտեմբեր 2019. 

Անգլերենի ուսուցչուհի Լուսինե Մադաթյանը վերջերս մասնակցում էր Բրիտանական խորհրդի կազմակերպած «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին։ Նա պատմում է մասնագիտական համաժողների կարևորության, հնարավորությունների և ակնկալիքների մասին։ 

Ոչ միայն ուսուցիչը, ցանկացած մասնագետ, առհասարակ, անընդհատ կատարելագործվելու կարիք ունի, իսկ ուսուցիչը ոչ միայն կարիք ունի, այլ ստիպված է, որովհետև գործ ունի անընդհատ զարգացող փոփոխվող միջավայրի՝ նոր սերունդների հետ։ Եթե նույն մեթոդով աշխատես այսօրվա ու տաս, քսան տարի առաջվա աշակերտի հետ, արդյունք չես ունենա։ Ես այսօր ինքս իմ դեմ, իմ լճացման դեմ ամեն օր պայքարող ուսուցիչ եմ։  Երբ գնում նոր բան ես սովորում, ինքդ էլ գայթակղվում ես ժամ առաջ փորձել դա աշակերտներիդ հետ։ Բացի այդ, վերապատրաստումները, մասնագիտական համաժողովներին մասնակցելը մոտիվացիա են աշխատելու, չլճանալու համար։ 

Համաժողովի ընթացքում առավել արդյունավետ աշխատարաններից էին «Ինչպես սովորեցնել լեզու՝ հեքիաթների միջոցով», «Պլանավորե՞լ դասընթացը, թե՞ ոչ» և մի աշխատարան հենց գործընկեր ուսուցիչների հետ սովորածով կիսվելու մշակույթի մասին։ Բոլորն էլ, ըստ էության, փորձել եմ կիրառել պրակտիկայում։ Ոչ նույնությամբ, բայց ամեն մեկից մի բան վերցնում եմ. օրինակ՝ հեքիաթների փոխարեն վերցրել ենք «Ջեյն Էյրն» ու դրա հիման վրա կիրառել նոր գիտելիքը։

Մասնագիտական զարգացման հնարավորությունները Հայաստանում

Ուսուցչուհին, որը հետաքրքրված է նորանոր սեմինարների մասնակցությամբ ու փնտրտուքների մեջ է, կարծում եմ, որ քիչ հարթակներ կգտնի Հայաստանում։ Գործողներն հիմնականում  վճարովի են ու ոչ այնքան արդյունավետ։ 

Հիմնականում Բրիտանական խորհուրդն է, որ սիստեմատիկ, հետևողականորեն իրականացնում է դասընթացներ, համաժողովներ։ Մենք արդեն գիտենք, որ ամեն տարի հոկտեմբերից նոյեմբեր ընկած հատվածում ինչ-որ բան լինելու է։ Ամենակարևորը, եթե դու մոռանաս էլ, նրանք երբեք չեն մոռանում՝ պարտաճանաչ ընթացքի մասին ստանում ենք ծանուցումներ, ուղարկում մասնակցության հայտ և վերջ։ Իմ հետաքրքությունը նման համաժողվներից վերցնելն է. ինչքան կարելի է շատ, ինչքան հնարավոր է շատերից։ Եթե թեմա առաջարկելու հնարավորություն ունենայի, որ լիներ մյուս համաժողովում, կցանկանայի լիներ աշխատարան՝ «Ինչպես պլանավորել դասընթացը»։ Երեկոյան ես գծում եմ պլանս, մտնում դասարան ու այն փոխվում է, շատ կցանկանայի դրա վերաբերյալ մի բան լիներ։ Հաջորդը՝ ինչ կառաջարկեի, այն է, որ մի սեմինարին հրավիրված ուսուցիչների մասնագիտական հետաքրքրություններն ու լեզվի տիրապտման մակարդակները նույն հարթության վրա լինեին։ Ընդհանրապես, սեմինարները շատ լավ հնարավորություն են հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքի առումով, նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնման համար։ Երբեմն անգամ նախանձում եմ նրանց, որովհետև շատ հարթակներ հենց մարզերի ուսուցիչների համար են։ Մենք ենք դուրս մնում։ Մարզերը շատ անմխիթար վիճակում են, կան ուսուցիչներ, որ բավարար չափով անգլերենին չեն տիրապետում։ 

Անձնական օրինակով 

Այսօր դպրոցում հաջողության հասնելու խանգարող հանգամանքներից է հատկապես նոր մեթոդաբանությանը համապատասխանող գրականության բացակայությունը։ Մենք գնում, սվորում ենք նոր բաներ, գալիս, փորձում կիրառել, բայց հաճախ դժվարությամբ, որովհետև դասագրքերը լրիվ այլ բան են նախատեսում։ Հին մեթոդները՝ կարդալ, թարգմանել այնքան էլ արդյունավետ չեն, որովհետև այնքան էլ չեն նպաստում լեզվամտածողության զարգացմանը։ Դասընթացը պետք է այնպես պլանավորել, որ երեխան սկսի գոնե դասի ժամանակ, հանձնարարության ընթացքում մտածել անգլերեն։ Շատ է խանգարում նաև տեխնիկապես հագեցված դասարաններ չունենալը, ֆիլմերի դիտումներ կազմակերպելու հնարավորության սղությունը, լսելու դասեր չանելու սովորույթը։ 

Սերունդների միջև անջրպետը 

Այսօրվա աշակերտին այլ մոտեցում է պետք։ Նրանք շատ գիտակ են, զարգացած, տեղեկացված ու ցույց են տալիս իրենց գիտելիքը՝ պահանջելով քեզնից համապատասխան մոտեցում։ Նրանք շատ հանգիստ քեզ ասում են՝ Դուք սխալ եք։ Մենք չէինք ասի։ Իրենք էլ մեզ են սովորեցնում, օգնում են մեզ հասկանալ իրենց ու տալ անհրաժեշտ գիտելիքը։ Այս պահանջատեր սերունդն ավելի մոտիվացնող է. նրանց հետ և՛ հեշտ է, և՛ դժվար։ Հեշտ է, որովհետև ուսուցչի ավանդական անընդհատ խոսող, պայմաններ թելադրող, պարտադրողի դերից քո դերն ավելի շատ լսելն է դարձել, քննարկման մեջ մտնելը․ առաջ միայն ուսուցիչներն էին ողջ դասի ընթացքում խոսում։

Մեկ քայլ առաջ

Լուսինեն «Դասավանդում հանուն հաջողության»  համաժողովից հետո ընդգրկվել է ուսուցիչների վերապատրաստման խմբերում և այժմ պատրաստվում է աշխատարաններ վարել ուսուցիչների համար. «Բրիտանական խորհուդը հնարավորություն ընձեռեց դառնալ ուսուցիչների վերապատրաստող, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Սա մեծ հնարավորություն է օգնելու ուսուցիչներին գալ մեկ սեղանի շուրջ՝ փոխանակվելու փորձով, ինչպես նաև ծանոթանալ նորանոր մոտեցումների հետ, որոնք կնպաստեն անգլերենի ավելի արդյունավետ ուսուցմանը»։ 

Ծրագրի մասին 

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող ամենամյա Մասնագիտական շարունակական զարգացման (ՄՇԶ) միջոցառումն է, որը նախատեսված է անգլերենի ուսուցիչների և դասավանդողների համար։  Այն հիմնված է Բրիտանական խորհդրի ՄՇԶ հայեցակարգի վրա, որը ուսուցիչների և դասավանդողների համար Դասավանդում հանուն Հաջողության ավելի լայն մոտեցման մաս է կազմում։