Մարալ Մկրտիչեան,  Թումո ստուդիաների ղեկավար  ©

Թումո ստուդիաներ 

Թումո ստուդիաների ղեկավար Մարալ Մկրտիչեանը պատմում է հայկական մոտիվներով տեքստիլների մասին, որոնք պատրաստվել են Նորվիչի արվեստի համալսարանի մասնագետների հետ համագործակցության արդյունքում։  

«Մեկ լավագույն նկար ունենալու համար ինձ պետք են տասնյակ նկարներ, որից հետո կկենտրոնանամ մեկի վրա։ Երբեք չի կարող առաջին արված նկարը, էսքիզը լինել վերջնական»,-ասում է լիբանանահայ հրավիրյալ դասախոս Մարալ Մկրտիչեանը՝ Թումո ստուդիաների ծրագրերի ղեկավարը, ում ղեկավարած կենտրոնը միավորել է հայկական ձեռագործ մշակույթի սիրահար ուսանողների և երիտասարդ մասնագետների։   

«Ստեղծարարությունը դանդաղ, բայց անընդհատ զարգացող բան է, որը հսկայական աշխատասիրություն ու համբերություն է պահանջում», - պատմում է Մարալը, ձեռքի հետ ցույց տալով նաև այն, ինչի մասին խոսում է՝ հայկական մոտիվներով ու տարրերով տեքստիլներ, որոնք ստացել են ուսանողների հետ աշխատանքի արդյունքում։

Հավաքածուն, որը բաղկացած է կտորներից, սփռոցներից, բարձի երեսներից, սրբիչներից և սպասքի տակդիրներից, պատրաստվել են Թումո ստուդիաների  և Միացյալ Թագավորության (ՄԹ) Նորվիչի արվեստի համալսարանի համագործակցության արդյունքում։ Վեց ամսվա ընթացքում հայ ուսանողները դասեր են առել Երևանում և ՄԹ-ում, մշակելով հայկական զարդանախշերով դիզայներ։ Դրանք այնուհետև տպագրվել են կտորի վրա և յուրօրինակ հավաքածուի վերածվել։ 

Թումո ստուդիաների  և Նորվիչի Արվեստի Համալսարանի համագործակցությունն իրականացվում է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրով, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ 

Հայկական մոտիվներ

Աշխատանքն արել են փուլերով։ Նախ Հայաստան են եկել հրավիրված երեք դասախոս։ Սկսել են հայկական զարդանախշերի, գորգագործության, ճարտարապետության, արհեստների մշակութային ավանդույթների ուսումնասիրություն, ճամփորդել են, եղել թանգարաններում, կատարել հայկական տարբեր մշակութային մոտիվներ գտնելուն ուղղված անհրաժեշտ  հետազոտություններ։ 

«Հայաստանում շատ հարուստ մշակութային ժառանգություն ունենք, որն հաճախ արժանի ուշադրության չի արժանանում։  Մենք ուզում ենք նոր կյանք տալ դրանց, ժամանակի փոշին վրայից մաքրել ու որպես ժամանակակից արվեստի գործեր ներկայացնել ավելի լայն լսարանի, գնահատելի և ցանկալի դարձնել Հայաստանից դուրս ևս», - ասում է Մարալը։ 

Կարտադրվի Հայաստանում

Աշխատարանների երկրորդ փուլում ուսանողներն աշխատել են մասնագետների հետ, և յուրաքանչյուրը թղթի վրա պատկերել իր գաղափարի էսքիզը, իսկ նկարզարդումները ամբողջացրել են նմուշները։ Դրանից հետո երկու շաբաթով ուսանողները մեկնել են Նորվիչի համալսարան, մշակել արտադրանքի պատրաստ հավաքածուի նմուշները, տպագրել էսքիզները կտորի վրա, որոնք արդեն կարող են արտադրվել Հայաստանում։

«Քանի որ Թումո ստուդիաները շահույթ չհետապնդող կազմակերպություն է, վաճառքից  ստացված եկամուտը նորից կուղղվի ծրագրին, այն ընդլայնելու նպատակով։ Այս աշխատանքների նպատակը եկամուտ վաստակել չէ, այլ սովորելն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը կգրավի հաճախորդին ու կունենա իր տեղը շուկայում, միաժամանակ հաշվի առնելով ֆինանսական եկամտաբերությունը», - պատմում է Մարալը։

Ձեռնարկատիրությամբ զբաղվելու հայկական հավակնությունները

Թումո ստուդիաների աշխատարանները Նորվիչի համալսարանի հետ որքան ձեռնարկատիրության մասին են, այնքան էլ արտադրանքի մշակման ու տեքստիլ դիզայնի։ Մարալի խոսքով, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հայկական հավակնությունները զարգացնելու համար անհրաժեշտ են հարթակներ, որոնք այլընտրանք կլինեն դասական համալսարանական կրթությանը։ 

 «Մենք ուզում էինք շատ հստակ նախագիծ ունենալ, ոչ թե ձեռներեցության զուտ տեսական դասընթաց կազմակերպել, որպեսզի ուսանողը առարկայորեն տեսնի՝ ինչ է անում, ինչի համար ու ինչ օգուտ կստանա դրանից։ Ուզում ենք իրենք սովորեն, որ որպես ձեռներեց՝ պիտի արտադրեն մի բան, որը նաև կվաճառվի, որ ուսանողը գնահատի դրա հնարավորությունները շուկայում։ Դրա համար անհրաժեշտ էր ուսումնասիրել  շուկան, հետո մտածել՝ ինչ ստեղծել, ինչպես ապահովել առաջխաղացումը, հանրայնացումը: Կարող է պատահել նաև, որ անես մի բան, որը չհաջողվի, չվաճառվի, բայց դա էլ իր օգուտն ունի, ուսանողը դաս կքաղի, թե ինչու այդպես եղավ և հաջորդ նախագծում կհաջողի»։

«Չհուսահատիլ, Չշտապիլ»

«Հայ ուսանողները շատ անհամբեր են, ուզում են միանգամից հաջողության հասնել, առաջին չստացված բանը հուսահատեցնում է։ Բայց այդպես չի կարելի. սա պետք է հանել մեր ուղեղներից: Հաջողության ճանապարհը աշխատատար է, դժվար ու երկար։ Պետք է փորձես հնարավորինս հեռու տանել գաղափարդ և պարզեցնել: Դասս այս է հայ ուսանողին՝ չհուսահատիլ, չշտապիլ», եզրափակում է Մարալը։

Ծրագրի մասին

«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: