Օհաննա Ավետիսյանն իր աշակերտների հետ կատարում է Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի հիմնը։ Նոյեմբերի 29, 2019 

Օհաննա Ավետիսյանը, ով սովորել, իսկ այժմ դասավանդում է Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ  20 հիմնական դպրոցում, պատմում է դպրոցի բրիտանական ավանդույթների մասին` ավերիչ երկրաշարժից հետո նորոգումից մինչև անգլերենի ակումբի հիմնում։

Երկրաշարժից անմիջապես հետո

1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից ընդամենը 15 օր ինքնակազմակերպվեցինք, վրանային դպրոցներ բացվեցին ու վերսկսեցինք դասապրոցեսը։ Իհարկե, ցրտի ու այլ հանգամանքների բերումով ամեն դասին հատկացվում էր 15 րոպե, բայց փորձում էինք անել առավելագույնը։ Իսկ հետո եղավ հրաշքը։ Բրիտանացի լրագրողներ էին եկել մեր վրանային դպրոց։ Քանի  մինչ երկրաշարժն էլ  այն  հայտնի անգլիական դպրոց էր, հենց մերն էին ընտրել։ Ու պատկերացրեք նրանց զարմանքը, որ ցրտի, մթի, վրանային պայմաններում նրանք դրսից լսում են երգի ձայն, որտեղ կորուստ, ցավ, վիշտ տեսած երեխաները երգում են, որ արև է շողում, որ մանուկներն են ժպտում։ 

Նրանք մտնում են ներս ու սկսում հարցուփորձը՝ թե ինչ կուզեն երեխաները՝ խաղալիք, շոկոլադ, զգեստներ, կոշիկներ։ Մի աղջիկ մտածում-մտածում, ասում է՝ «Իմ հին տաք դպրոցն եմ ուզում, իմ իսկական կյանքը»։ Լրագրողները գնում են, երեխայի խոսքը սկսում է պտտվել բրիտանական մամուլում, հասնում կառավարությանը ու զարկ է տրվում դպրոցաշինությանը։ 1990 թվականին մեր գեղեցիկ, տաք, ապահով, հարմարավետ դպրոցն արդեն իրականություն էր։

Հանդիպում Մարգարեթ Թետչերի հետ

Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Գիտեք, երկրաշարժից հետո ժպտացող մարդ չէի տեսել, իսկ այդ միջոցառմանը գնալու ճանապարհին տեսա քաղաքիս փողոցներում շարքով կանգնած, ծաղիկներ թափահարող ժպտացող մարդկանց։ Հասանք մի բարեկարգ շենքի։ Այդ համատարած ավերակների, վրանների, տնակների կողքին,գեղեցիկ, ամուր, ապահով շենք։ Ներս մտանք, ուղեկցեցին բեմ, մոտ տաս երեխա էինք և ասացին զբաղեցնենք մեր տեղերը բեմի վրա։ Երբ բոլորս նստած էինք ետնամուտքով բեմ բարձրացավ մի շքեղ, գեղեցիկ, քնքուշ կին, որ անցավ մեր միջով, շոյելով վարսերս՝ կարծես հույսի շող լիներ։ Տպավորություն էր՝ որ ամեն ինչ լավ է լինելու։ Բոլորը ծափահարում էին։ Մեր կյանքը երկրաշարժից հետո շատ էր գորշացել, դա հագուստների մեջ էլ էր երևում...ու այդ համատարած մուգ գույների, մռայլ դեմքերի մեջ նրա ժպիտը, ճերմակ հագուստը հիպնոսացրել էին։ Տարիներ հետո, երբ իմացա թե ով է նա, ինչ կարևոր պաշտոնյա, ապշել էի։ 

Ընդհանրապես Բայրոնի դպրոցով ամուր կամուրջ կապվեց Գյումրիի և Միացյալ թագավորության մեջ։ Ու պատահական չէ, որ  կառուցումից տարիներ հետո  ճգնաժամի մեջ հայտնված մեր դպրոցը մի քանի անգամ հենց Բրիտանիան է կրկին ոտքի կանգնացրել՝ թե դեսպանության, թե Բրիտանական խորհրդի  օգնությամբ։

Երկրորդ շնչառություն

Ճիշտ է, մեր դպրոցը շատ լավ ժամանակներ է ունեցել, բայց փակման եզրին էլ է եղել 25 տարի անց կառուցումից հետո՝ ջեռուցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով։ Մեզ փրկեց ՄԹ դեսպաններ Ջոնաթան Էյվսի ու Քեթի Լիչի այցը, որ տեսան ինչ հրաշալի գիտելիքներով երեխաներն ինչ պայմաններում են սովորում, անմիջապես դրամահավաք նախաձեռնեցին, հարցը լուծվեց։  

Երկրորդ շնչառություն դպրոցի համար եղավ Բրիտանական Խորհրդի բացած Անգլիական ակումբը։ Ակումբը օգնում է այսպես ասած՝ մտածել անգլերեն, զարգացնում է վերլուծական միտքը, արատահայտվելու կաշկանդվածության վերացմանն է միտված։ Դեռ միայն մեր դպրոցի աշակերտների համար է, բայց շուտով հասանելի կլինի մարզի այլ դպրոցների աշակետների համար։ Ակումբի առկայությունը շատ օգտակար է նաև ուսուցիչների համար։ Այն նոր մեթոդները, որ կիրառվում են ակումբում, ամեն օր ավելի լավն են դարձնում նաև ուսուցիչներին։ Ամեն մի ակումբի դասից հետո սովորական դասարան դու ուրիշ մարդ ես մտնում, փորձում նոր ձևերը կիրառել նաև դասարաններում։

Ուսանելուց` դասվանդում

Մեր դպրոց ընդունվելը դարձավ մարտահրավեր։ Ուներ 1400 աշակերտ։ Աշխատում էր 3 հերթով։ Ոչ միայն ընդունվել էր դժվար, այլ սովորելը։ Շատ բարձր կրթական ու դաստիարակչական նշաձող կար։ Մենք  փայփայում էինք մեր դպրոցը։ Գլուխ գովում ընկերների մոտ՝ մենք ունենք լինգոֆոնային լսարան, գրատախտակին մարկերով ենք գրում և այլն։ Մաքրությանն էինք հետևում, խնամքով վերաբերվում ամեն-ամեն ինչին։ 

Հետագայում դասավանդման տարիներին աշխատանքիս լավագույն արձագանքը դարձան աշակերտներիս հաջողությունները. մարդիկ, որ այսօր հասել են Օքսֆորդ, Քեմբրիջ։ Ինձ համար երջանիկ բացահայտում եղավ Բրիտանական խորհուրդը, որ իր դասընթացներով, գիտաժողովներով, աշխատարաններով օգնում է մեզ զարգանալ,նոր հմտությունների տիրապետել, դրանք կիրառելու ձևեր գտնել և այլն։ Բառիս լավագույն իմաստով, Բրիտանական խորհուրդը հանգիստ չի տալիս ուսուցչին։ Գտնում ես նրանց ու վերջ՝ մտնում շարունակական պրոցեսի մեջ։ Սկսում են գալ հաղորդագրություններ, որոնց հետքերով մի օր օնլայն դասընթաց ես անում, մյուս օրը գիտաժողովի մասնակցում, մի հատ վերապատրաստվում ես։ Մաս եմ կազմում նաև ուսուցիչների աշխատանքային խմբին, որտեղ վերապատրաստող, օժանդակող եմ, աշխատում եմ համայնքների ուսուցիչների հետ... Ուսուցիչը անընդհատ պիտի աշխատի իր վրա, ինքնակրթությամբ զբաղվի, պիտի չվախենա սխալվելուց, իր սխալներն ընդունելուց, երեխաների հետ նոր ճշմարտություններ բացահայտելուց։

Օհաննա Ավետիսյանը ծնվել է 1980 թվականին և հաճախել Գյումրու համար 20 հիմնական դպրոց։ Գերազանցությամբ ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել անգլերենի ուսուցչի որակավորում: Օհաննան իր հարազատ դպրոցում անգլերեն է դասավանդում 2002 թվականից սկսած։ 2010-ին նա իր երկու աշակերտների հետ հրավիրվում է մասնակցելու “Թատերական աշխարհի մանկական անսամբլը” միջոցառմանը, որը ընգրկում էր 28 երկրներից 150 և ամողջ Բրիտանիայից 1500 երեխաների։ 2017-ին նա դարձել է հաղթող Հայաստանում “Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթում և ստացել մրցանակ ՀՀ Կրթության նախարարության կողմից։

Ծրագրի մասին 

«Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբներ. բարելավելով հմտությունները հանուն ուժեղ հասարակության» նախաձեռնությունը եռամյա կրթական ծրագիր է, որի նպատակն է զարգացնել երիտասարդների հմտությունները՝ զինելու նրանց վստահությամբ և բարելավելու ապագայում կրթության և աշխատանքի հնարավորությունները: Այս նախաձեռնությունը կխրախուսի առավել համախմբված, կայուն և բարեկեցիկ համայնքների զարգացումը Հայաստանում՝ տարատեսակ հմտությունների զարգացմամբ:

Բրիտանական խորհուրդն այս նախաձեռնությունը ծրագրել և մշակել է Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես նաև