Երբ չորս տարի առաջ Բրիտանական խորհուրդն սկսեց «Պար՝ առանց սահմանների» ծրագիրը, ներառական արվեստի ոլորտում նման հիմնարար փոփոխություններ կատարելու մասին միայն հուսալ կարելի էր: Ծրագիրը փոփոխություններ բերեց մարդկանց մտածելակերպում և կյանքում:
«Պար՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Փոքր թատրոնին կից հիմնադրվեց առաջին ներառական պրոֆեսիոնալ թատերական խումբը, որը ելույթներով հանդես եկավ Շոտլանդիայում, Վրաստանում և Ղազախստանում: Այս խմբի ստեղծման և կայացման հարցում մեծ դեր է ունեցել ՄԹ-ի Կանդուկո առաջատար ներառական պարային խմբի հետ սերտ համագործակցությունը, որը շարունակվում է մինչ օրս:
«Ծրագրին մասնակցությունը հնարավորություն տվեց ոչ միայն Հայաստանում հիմնադրել առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը, այլև սովորել Մեծ Բրիտանիայի լավագույն փորձը և ծանոթանալ առաջատար ստեղծագործական խմբերի ու փառատոների հետ»,- ասում է Վահան Բադալյանը:
Պլաններն ու մտահղացումները շատ են. Վահանը վստահ է, որ առաջիկայում ևս դերասաններն իրենց աշխատանքով կգնահատվեն հանդիսատեսի կողմից:
«Նոր բեմադրություններ, շրջագայություններ Հայաստանի մարզերում և արտերկրում, ծրագրերը շատ են: Աշխատելու ենք նոր մասնակիցների հայտնաբերման և մեր ներառական պարային խմբում ներգրավելու ուղղությամբ»,- ասում է Վահան Բադալյանը: