Գնահատելով ՄԹ շրջանավարտների ձեռքբերումներն Հայաստանում

Միացյալ Թագավորությունում (ՄԹ) կրթություն ստանալու առավելություններն ու արդյունքներն ամբողջ կյանքի համար են։ ՄԹ Շրջանավարտների մրցանակը նպատակ ունի մեծարելու նրանց և գնահատելու այն ազդեցությունը, որը ստեղծում են ՄԹ բարձագույն կրթական հաստատությունների շրջանավարտներն իրենց ընտրած բնագավառում, այդպիսով նաև վերարժևորելով ՄԹ-ում իրենց ուսումնառությունն ու փորձառությունը։

Շրջանավարտների մրցանակը ընդունում է հայտեր ՄԹ բուհերի բոլոր միջազգային շրջանավատներից, որոնք ապրում են ՄԹ-ից դուրս։ Եզրափակիչ փուլ անցնելու ու մրցանակը շահելու համար շրջանավարտները պետք է լինեն առաջատարներ իրենց ընտրած ոլորտներում և ցույց տան, թե ինչպես են կիրառում իրենց փորձառությունն ու ՄԹ-ում ստացած գիտելիքները` ի նպաստ իրենց համայնքի, գործունեության ոլորտի և երկրի զարգացման։

ՄԹ Շրջանավարտների մրցանակին կարող են դիմել բոլոր այն շրջանավարտները, ովքեր վերջին 15 տարում սովորել են Միացյալ Թագավորությունում, ՄԹ-ում պաշտոնապես ընդունված ակադեմիական որակավորում շնորհող որևէ ծրագրում առնվազն մեկ կիսամյակ կամ նրանք, ում շնորհվել է ակադեմիական որակավորում ՄԹ համալսարանի կողմից հավատարմագրված երրորդ երկրում գործող որևէ համալսարանի կողմից։

 Մրցանակը շնորհվելու է չորս անվանակարգում.

  • Մասնագիտական նվաճում մրցանակը շնորհվում է այն շրջանավարտներին, որոնք իրենց մասնագիտական գործունեության մեջ աչքի են ընկել օրինակելի առաջնորդությամբ և արձանագրել բացառիկ նվաճումներ կարիերայում։
  • Մշակույթ և ստեղծարարություն մրցանակը գնահատում է այն շրջանավարտներին, որոնք աչքի են ընկել արվեստի և մշակույթի բնագավառում։ Մենք փնտրում ենք անհատների, որոնք կարող են ցույց տալ իրենց արտիստիկ հնարամտությունը, ազդեցությունն ու ստեղծագործ հմտությունները։ Գործունեության բնագավառ կարող է դիտարկվել արվեստը, դիզայնը, մեդիան, վիդեո և հեռուստատեսային ոլորտը, երաժշտությունը, բլոգերները, վլոգերները, յութուբերներն ու հումանիտար ուղղվածության այլ ոլորտներ։
  • Սոցիալական գործողություն մրցանակը գնահատում է այն շրջանավարտներին, որոնք բացառիկ ներդրում ունեն դրական սոցիալական փոփոխության և մարդկանց կյանքի բարելավելմանը միտված գործունեության համար։ Գործունեության բնագավառ կարող է դիտարկվել անհավասարության կրճատումը, աղքատությունն ու սովը, կրթությունն ու հմտությունների բարելավումը, խաղաղությունն ու արդարությունը։
  • Գիտություն և կայունություն մրցանակը տրվում է այն շրջանավարտներին, ովքեր ակտիվորեն խրախուսում են ստեղծարար և նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, առաջարկում լուծումներ և բիզնես հնարավորություններ, որոնք զարգացման ներուժ ունեն։ Գործունեության բնագավառ կարող է դիտարկվել ձեռնարկատիրությունը, բիզնեսը, տեխնոլոգիաները։

 Ժամանակացույց

1 սեպտեմբեր 2021

Հայտերի ընդունման մեկնարկ

31 հոկտեմբեր 2021

Հայտերի ընդունման ավարտ
Նոյեմբեր 2021 Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հայտարարում
3 դեկտեմբեր 2021 Հայաստանի ազգային մրցանակի հաղթողների հայտարարում
Ապրիլ-օգոստոս 2022  Միջազգային մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հայտարարում
Սեպտեմբեր 2022

Միջազգային մրցանակի հաղթողների հայտարարում

Դիմավորե՛ք Հայաստանում ՄԹ «Շրջանավարտների մրցանակ 2021–22» -ի եզրափակից փուլ անցած մասնակիցներին

Մասնագիտական նվաճում մրցանակ

Լուսինե Հակոբյան, Լոնդոնի Թագուհի Մերիի անվան համալսարան

Լուսինեն «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է։ Ներպետական ընտրությունների դիտորդական վերահսկողության ոլորտում Լուսինեի աշխատանքն առանցքային էր՝ Հայաստանի քաղաքացիների ազատ և արդար ընտրությունների իրավունքն անխոչընդոտ կերպով իրացնելու համար։ Լուսինեն ներկայումս մասնակցում է դատաիրավական բարեփոխումների գործընթացին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի բարեփոխումներին։

Մանե Ադամյան, Քեմբրիջի համալսարան

Մանեն Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականն է, որը նախկինում եղել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի փոխնախարար։ Այժմ, նա պատասխանատու է Հայաստանին ուղղված զարգացման աջակցության բոլոր ծրագրերի ընդհանուր վերահսկողության համար։ Որպես գլխավոր բանակցող՝ Մանեն ղեկավարել է կայուն և ներառական զարգացման համար 250 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցության ֆինանսական միջոցների հայթայթման գործընթացը։

Արևշատ Մելիքսեթյան, Քեմբրիջի համալսարան

Արևշատը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Արևշատն ակտիվորեն մասնակցում է շուկայի զարգացման գործողություններին, այսինքն՝ կրթում է հանրությանը, որպեսզի հասարակության անդամները լիովին հասկանան և գնահատեն ապահովագրության դերն իրենց կյանքում։

Մշակույթ և ստեղծարարություն մրցանակ

Սեդա Գրիգորյան, Վեսթ Լոնդոնի համալսարան

Սեդան Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակի ղեկավարն է, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ մշակութային ժառանգությամբ զբաղվող խոշոր անկախ կազմակերպություններում։ Ներկայումս Սեդան ավելի շատ կենտրոնանում է մշակութային ոլորտի բարեփոխումների վրա, որոնք հնարավորություն են տալիս արվեստագետներին և ստեղծագործ անհատներին օգտվել ավելի շատ ռեսուրսներից և իրավունքներից՝ իրենց նպատակներին միտված գործունեության ընթացքում, ինչպես նաև ունենալ ավելի մեծ հնարավորություններ՝ միջազգային հարթակներ դուրս գալու համար։

Վարդան Հարոյան, Նոթինգհեմի համալսարան

Վարդանը ՖԻՆՔԱ Հայաստանի՝ Հայաստանում գործող ֆինանսական հաստատություններից մեկի գլխավոր օպերացիոն տնօրենն է, ինչպես նաև Bezzoar-ի՝ ավանդական հագուստների գրեթե մոռացված տարրերը և նախշերը, խաչքարերի արվեստը և մարդկային ստեղծարար հանճարի այլ գլուխգործոցները վերակենդանացնող ապրանքանշանի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Ընդ որում, այդ մշակութային տարրերի մեծ մասը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում են։

Արտակ Համբարձումյան, Էկոնոմիկայի և քաղաքագիտության Լոնդոնի դպրոց

Արտակը Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայության գործադիր պրոդյուսերն է։ Նա վերահսկում է «Ազատություն հեռուստաընկերության» ողջ վիդեոարտադրությունը, որն առաջատար առցանց և մալուխային հեռուստաընկերություններից մեկն է և ազդում է ամեն օր հարյուր հազարավոր հայերի կայացրած սոցիալ-քաղաքական որոշումների վրա։

Սոցիալական գործողություն մրցանակ

Արման Ուդումյան, Էկոնոմիկայի և քաղաքագիտության Լոնդոնի դպրոց

Արմանն այժմ միջազգային խորհրդատու է Համաշխարհային բանկի կողմից ղեկավարվող ծրագրում։ Թե՛ այս, թե՛ այլ ծրագրերի շրջանակներում Արմանը խորհրդատվություն է տրամադրում համապատասխան պետական հաստատություններին, դոնորներին և հասարակական կազմակերպություններին խոցելի անձանց ուղղված երիտասարդական քաղաքականության և շրջանավարտների վրա կենտրոնացող ծրագրերի մասին։

Օկսանա Մուսայելյան, Լոնդոնի Գոլդսմիթի համալսարան

Օկսանան «Փախստականի ձայն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիրն է, որի նպատակն է լսելի դարձնել ձայնազուրկ փախստականների ձայնը։ Օկսանան պետական մարմինների մոտ ջատագովություն է իրականացրել՝ բարձրաձայնելու փախստականների ոչ բացահայտ հարցերը և նպաստել է Կառավարության կողմից խնդրի ճանաչմանը՝ հանգեցրելով քաղաքականության վերանայմանն ու բարեփոխմանը, այսպիսով արդեն իսկ լուծելով մի քանի հարյուր փախստականների համար առանցքային, բնակարանային ապահովման խնդիրը։

Մհեր Դավթյան, Լոնդոնի համալսարանական քոլեջ

Մհերը «ՆորԱրար» կրթական հասարակական կազմակերպության տնօրենն է և խորհրդատվություն է տրամադրում ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանին «Հավասարության և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման (classroom assessment) պրակտիկայի վերլուծություն» թեմայով՝ հանդես գալով կրթության ոլորտում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում բարելավման առաջարկություններով։

Գիտություն և կայունություն մրցանակը

Արմեն Ասրյան, Լոնդոնի Քինգսթոն համալսարան

Արմենը Հայաստանում կլիմայի և բնապահպանական անվտանգության ոլորտի առաջատար փորձագետներից մեկն է։ Նա աշխատում է թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում գործող միջազգային զարգացման գործակալությունների հետ՝ տեղական համայնքների կայունությունը բարելավելու և բնական միջավայրերի կայուն շահագործման նպատակներով։

Իրինա Մկրտչյան, Շեֆիլդի համալսարան

Իրինան իր թիմի հետ սկսել է բնապահպանական բարեփոխումները՝ նպատակ ունենալով խթանել կոշտ թափոնների պատշաճ կառավարումը Հայաստանում։ Իրինայի ջանքերը հանգեցրել են Հայաստանում թափոնների տեսակավորման մշակույթի, տասնյակ կանաչ աշխատատեղերի և կանաչ նորարարությունը խթանելու մեխանիզմների առաջացմանը։

Աստղիկ Բերեզովսկայա, ՍԻԹԻ քոլեջ, Շեֆիլդի համալսարան

Աստղիկը դրել է ընտանեկան գյուղատնտեսական գործունեության նախագծի մեկնարկը։ Այս նախագծի շրջանակներում առաջնային արժեքները մարդու առողջությունը, գյուղատնտեսության ոլորտում կայուն աշխատակարգերի հանրահռչակումը և Հայաստանի մարզերում սոցիալ-տնտեսական զարգացումն են։

Հայաստանում «Շրջանավարտների մրցանակը» հաղթողների անունները կհայտարարվեն 2021թ․ դեկտեմբերի 3-ին և կհանրահռչակվեն թվային արշավի շրջանակներում, որը կհանրայնացնի նրանց պատմությունն ու հաջողությունը։ Մրցանակակիրները հնարավորություն կունենան՝ դառնալու միջազգայնորեն ավելի ճանաչելի, ընդլայնելու մասնագիտական ծանոթությունների շրջանակն ու կապերը և առաջ մղելու կարիերան՝ ՄԹ մասնագիտական ծանոթությունների և կապերի հաստատման համար այցի միջոցով (կախված աշխարհում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակից)։