«Փոփոխությունների թատրոնի» հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանը Բրիտանական խորհրդի «Ֆորում թատրոն» ծրագրին իր մասնակցությունը շրջադարձային է համարում: Ծրագրին մասնակցելուց հետո Հայկը որոշում է Հայաստանում հիմնել նոր, անկախ թատրոն:
«Սա ոչ թե պարզապես նոր թատրոն էր, այլ թատրոն, որը պրոֆեսիոնալ մակարդակի վրա սկսեց կիրառել Հայաստանում մինչ այդ անհայտ «Ֆորում թատրոն» մեթոդը, իսկ հետագայում՝ ինտերակտիվ թատրոնի բազմաթիվ այլ ձևաչափեր»,- ասում է Հայկ Սեկոյանը:
«Փոփոխությունների թատրոնը» Հայաստանում հիմնադրվում է 2006 թվականին Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Մեթոդը նոր էր Հայաստանում: Այսօր «Փոփոխությունների թատրոնը» բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության հարուստ փորձով և շուրջ 20 հոգանոց անձնակազմով հպարտորեն կրում է Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատարի անունը։
«Մենք հասցրել ենք իրականացնել նաև մի շարք միջազգային թատերական նախագծեր, այդ թվում Հայաստանում ինտերակտիվ թատրոնների առաջին միջազգային փառատոնը»,-հպարտությամբ պատմում է Հայկը:
«Փոփոխությունների թատրոնը» Հայաստանում արդեն նշել է իր տասներորդ տարին, սակայն նրանք վստահ են, որ սա դեռ միայն սկիզբն է։ Հայկը վստահ է, որ առջևում սպասվում են բազմաթիվ նոր ծրագրեր: