Marine Karapetyan

Բրիտանական խորհուրդը Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնեց մարզային ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն էր բարելավել անգլերենի ուսուցումը գյուղական համայնքներում: 

Մարինե Կարապետյանը, որ աշխատում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի N1 միջնակարգ դպրոցում, առաջիններից մեկն էր, որ մասնակցեց ծրագրին: 

Ամիսներ տևող դասընթացներից հետո Մարինեն ասում է, որ ծրագրին մասնակցությունը նշանավորվեց ոչ միայն նոր գիտելիքներով, այլև ձեռք բերված ինքնավստահությամբ: 

«Մինչ այս ես մասնակցել էի բազմաթիվ ծրագրերի, որոնք սովորեցնում էին պարզապես աշխատել այս կամ այն մեթոդով: Բրիտանական խորհրդի ծրագրերին մասնակցելու արդյունքում ես կարողանում եմ ամբողջական մոտեցում ցուցաբերել դասավանդման գործընթացին: Ես փորձում եմ հասկանալ խնդիրը, փնտրում եմ լուծումներ և օգտագործում եմ իմ ընտրած մեթոդները»,- ասում է Մարինեն: 

Սակայն ամենակարևոր հաջողությունը Մարինեն համարում է իր նվիրումն աշխատանքին: 

«Ինձ համար գյուղի դպրոցում դասավանդելը ձանձրալի աշխատանք էր: Ես որոշել էի ձեռք բերել տնտեսագետի մասնագիտություն և մեկնել եվրոպական որևէ երկիր: Այս ծրագրի շնորհիվ այսօր ես ապրում եմ գյուղում և աշխատում գյուղի դպրոցում: Ես սիրում եմ իմ աշխատանքը և իմ աշակերտներին», ասում է նա: