Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Բրիտանական խորհրդի IDEAS ծրագրի գործընկերն էր: Ինչպես նշում է Արմեն Ալավերդյանը, IDEAS ծրագիրը բացառիկ հնարավորություն էր ներգրավվել և ներդրում ունենալ ծրագրի նպատակի իրականացմանը, այն է՝ ներառական որոշումների, գաղափարների խթանմանը: 

Ծրագրի շրջանակում Արմեն Ալավերդյանն այցելեց Միացյալ Թագավորություն՝ ծանոթանալու որոշում կայացնողների աշխատանքում ՀԿ-ների և լրատվության ներգրավման գործընթացին: 

«Ներառականության և մասնավորապես հաշմանդամության ոլորտում ունեցած մեր գիտելիքները հաջողությամբ կարողացանք փոխանցել ծրագրի թիրախային բոլոր խմբերին»,- ասում է Արմեն Ալավերդյանը: 

Ծրագրի արդյունքում  կապեր հաստատվեցին կառավարման տարբեր օղակներում, վերապատրաստվեցին տասնյակ մասնագետներ, առաջին անգամ Հայաստանում հեռարձակվեց հեռուստահաղորդում, որը վարում էր հաշմանդամություն ունեցող լրագրող, իսկ մի շարք հասարակական վայրեր դարձան ֆիզիկապես մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

«Ձեռք բերված նոր փորձիս և գործընկերներիս ընդլայնված ցանցի օգնությամբ առավել արդյունավետ շարունակեցի գործունեությունս»,- նշում է նա: