Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում ներդրվեց նոր՝ մեխատրոնիկայի մասնագիտությունը: Միացյալ Թագավորության Բրեդֆորդ քաղաքի քոլեջի հետ 2008- 2010թթ. -ին իրականացվեց փորձի փոխանակման ծրագրեր, որոնց արդյունքում ուսանողները Երևանում հնաարավորություն ստացան ձեռք բերել նոր մասնագիտություն: Առաջին ուսանողները իրենց վկայականներն ստացան 2015 թվականին:
Այդ տարիներին քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանն ասում է, որ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն օգտակար ու արդյունավետ էին ոչ միայն քոլեջի, այլև իր մասնագիտական զարգացման համար:
«Մեխատրոնիկայի կրթական չափորոշիչների մշակման ընթացքում ավելի խորացված ուսումնասիրեցի այլ երկրների առարկայական ծրագրերը: Համապատասխան բարեփոխումներ կատարվեցին նաև մեր մյուս մասնագիտությունների առարկայական ծրագրերում»,¬ասում է նա:
Արտաշես Աբրահամյանը կարևորում է նաև ընկերական հարաբերությունների ձևավորումն անգլիացի գործընկերների հետ:
«Մինչև հիմա մենք մշտական կապի մեջ ենք»,- ասում է նա:
Այժմ Արտաշես Աբրահամյանն աշխատում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում և դասավանդում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: