Ծանոթագրություն. Այս քաղաքականությունը կիրառվում է միայն IELTS UKVI, ինչպես նաև IELTS «Կյանքի հմտություններ» թեստերի դեպքում։ Խնդրում ենք ծանոթանալ ոչ UKVI IELTS թեստերի վերաբերյալ համապատասխան քաղաքականության փաստաթղթին։

Ա. Թեստի չեղարկում

Դուք կարող եք չեղարկել ձեր IELTS թեստի գրանցումը ցանկացած ժամանակ՝ նախքան թեստը հանձնելը՝ այդ մասին տեղեկացնելով ձեր թեստային կենտրոնին։ Փոխհատուցման պայմանները կախված են նրանից, թե երբ եք չեղարկում, և արդյոք առկա են բացառիկ հանգամանքներ։ 

1. Մինչև թեստի ամսաթիվն ընկած ժամանակը

1.1. Թեստից ավելի քան 14 օր առաջ

Եթե ձեր IELTS թեստի գրանցումը չեղարկեք թեստից ավելի քան 14 օր առաջ, կստանաք թեստի ընդհանուր վճարի 75%-ի չափով փոխհատուցում։

1.2. Մինչև թեստը 14 օրվա ընթացքում, բայց թեստից ավելի քան երկու օր առաջ․

Եթե ձեր IELTS թեստի գրանցումը չեղարկեք մինչև թեստը 14 օրվա ընթացքում, բայց թեստից ավելի քան երկու օր առաջ, կստանաք թեստի ընդհանուր վճարի 50%-ի չափով փոխհատուցում։

1.3. Մինչև թեստը երկու օրվա ընթացքում

 Եթե ձեր IELTS թեստի գրանցումը չեղարկեք մինչև թեստը երկու օրվա ընթացքում, կստանաք թեստի ընդհանուր վճարի 25%-ի չափով փոխհատուցում։

1.4. Թեստի օրը կամ թեստից հետո. 

Եթե ձեր IELTS թեստի գրանցումը չեղարկեք թեստի օրը կամ թեստից հետո, դուք փոխհատուցում չեք ստանա։

2. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՍՏ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե չեք մասնակցել թեստին, կարող եք բացառիկ հանգամանքների վերաբերյալ դիմում ներկայացնել ձեր թեստային կենտրոն մինչև թեստը և թեստի անցկացման ամսաթվից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Թեստային կենտրոնը կպատասխանի ձեր գրավոր դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում։ Թեստային կենտրոնը կքննի ձեր դիմումը բացառիկ հանգամանքների առկայության առնչությամբ։ 

Թեստային կենտրոնը պետք է բացառիկ հանգամանքների և հավաստող ապացույցների վերաբերյալ դիմումները ստանա թեստի նշանակված ամսաթվից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե թեստային կենտրոնը հաստատի ձեր դիմումը, դուք կստանաք վճարի ամբողջական փոխհատուցում` թեստի արժեքի 25%-ը չգերազանցող վարչական վճարի հետպահումով։

Եթե թեստային կենտրոնը չհաստատի ձեր դիմումը, այդ դեպքում կկիրառվեն 1-ին բաժնում նշված պայմանները։

Մենք «բացառիկ հանգամանքներ» ասելով հասկանում ենք հետևյալը՝

  • լուրջ առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ներկայանալ թեստի օրը կամ ինչպես հարկն է հանձնել թեստը․ այդպիսի խնդիրներ ունենալու դեպքում պահանջվում է որակավորված բժշկի կողմից տրամադրված տեղեկանք՝ որպես հավաստող ապացույց
  • ծանր կորստի, տրավմաների կամ բարդ իրավիճակների այլ դեպքերի ապացույց
  • զինվորական ծառայություն

3. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՍՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

Թեստային կենտրոնի վերահսկողությունից դուրս որոշ հանգամանքներում հնարավոր է՝ ստիպված լինենք չեղարկել ձեր թեստը։ Այս հանգամանքները ներառում են, բայց չեն սահմանափակվում, խիստ անբարենպաստ եղանակային պայմանները, բնական աղետները, քաղաքացիական անկարգությունները և գործադուլները։

Այս հանգամանքներում թեստային կենտրոնը հնարավորին չափով տեղեկություններ կտրամադրի ձեզ և հնարավորություն կտա ընտրելու կա՛մ

  • ամբողջական փոխհատուցում, կա՛մ
  • թեստի տեղափոխում ձեզ համար հարմար օր՝ ապագա ամսաթվով։

Այն դեպքերում, երբ թեստային կենտրոնը չեղարկում է թեստը` իր վերահսկողության ներքո գտնվող հանգամանքներով պայմանավորված, ի լրումն վճարի ամբողջությամբ փոխհատուցման կամ թեստը մեկ ուրիշ օր տեղափոխման, դուք կարող եք իրավասու լինել ձեր կատարած ծախսերի փոխհատուցման հայց ներկայացնելու համար։ Թեստային կենտրոնը ձեր հայցը կհամարի հիմնավորված կամ ոչ, և ցանկացած փոխհատուցում կտրվի՝ կախված հետևյալ պայմաններից՝

  • Թեստային կենտրոնը կգնահատի՝ արդյոք չեղարկելու որոշումն իր վերահսկողության ներքո կամ դրանից դուրս է։
  • Ցանկացած փոխհատուցում կսահմանափակվի միայն ճանապարհորդության և կեցության ծախսերով, որոնք՝

- անմիջականորեն կատարվել են ձեր մասնակցությունը թեստի օրը ապահովելու նպատակով,

- աստատված են վճարման անդորրագրով (անդորրագրերով),

- հաստատված է, որ չեղարկված ճանապարհորդության և (կամ) կացարանի ծախսերը չեն փոխհատուցվում ծառայության մատակարարի կողմից,

- համեմատական են նշված ծախսերի շուկայական ամենացածր խելամիտ գներին (դա գնահատելու է թեստային կենտրոնը)։

  • Եթե դուք ավելի երկար ճանապարհ անցնեք, քան ձեր մշտական բնակության վայրից մինչև թեստի անցկացման ամենամոտ վայրի հեռավորությունն է, ապա թեստային կենտրոնը ձեր հայցը չի համարի հիմնավորված։

Բ. Թեստի ամսաթվի փոփոխում

4.1. Թեստից ավելի քան 14 օր առաջ. 

Դուք կարող եք փոխել ձեր թեստի ամսաթիվը ցանկացած ժամանակ՝ թեստից ավելի քան 14 օր առաջ։

Դուք պետք է ընտրեք թեստի ամսաթիվը, եթե դա հնարավոր է, ձեր թեստի սկզբնական ամսաթվին հաջորդող երեք ամսվա ընթացքում։ Եթե թեստի նախընտրելի ամսաթիվը ձեր թեստի սկզբնական ամսաթվից ավելի քան երեք ամիս հետո է, ապա թեստի ամսաթվի փոփոխումը կհամարվի չեղարկում։

Դուք կարող եք միայն մեկ անգամ փոփոխել ամրագրված ամսաթիվը։

Թեստային կենտրոնը կարող է գանձել կազմակերպչական վճար՝ թեստի ընդհանուր վճարի մինչև 25%-ի չափով։

4.2. Մինչև թեստը 14 օրվա ընթացքում. 

Թեստի ամսաթվի՝ մինչև թեստը 14 օրվա ընթացքում փոփոխման ցանկացած հայց կհամարվի չեղարկում։ Տե՛ս սույն քաղաքականության փաստաթղթի «Ա. Թեստի չեղարկում» բաժինը։

Ծանոթագրություններ

i. Ձեր թեստային կենտրոնը պատասխանատու է փոխհատուցում տրամադրելու և թեստի ամսաթիվը փոփոխելու համար։

ii. Համաձայն բաժին Ա․ 2.-ի՝ թեստային կենտրոնը պատասխանատու է թեստ հանձնողի կողմից բացառիկ հանգամանքների հետ կապված հայցի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։

iii. Համաձայն բաժին Ա․ 3.-ի՝ թեստային կենտրոնը պատասխանատու է փոխհատուցման՝ ներառյալ իրավասության և տրամադրված գումարի չափի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ 

iv. Եթե այն երկրում, որտեղ գրանցվել եք, որպեսզի հանձնեք IELTS թեստը, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» տեղական օրենքով նախատեսվում են թեստի չեղարկման և թեստի ամսաթվի փոփոխման իրավունքներ, որոնք ավելի բարենպաստ են թեստ հանձնողի համար, քան վերոնշյալ իրավունքները, ապա կկիրառվի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» տեղական օրենքը։