Բրիտանական հայտնի «Boiler Room» երաժշտական հեռարձակման հարթակի ներկայացուցիչները Երևանում մարտի 7-ին կանցկացնեն մեկօրյա բացառիկ դասընթաց «Առցանց թվային երաժշտական կոնտենտի զարգացում, թողարկում և տարածում» թեմայով: Դասընթացի հրավիրված բանախոսներն են՝
Օշո Ֆրանկլանդ, մարքեթինգի ղեկավար |
Անայիս Բրեմոնդ, ֆիլմ և խմբագրում |
Միխայիլ Ստանգլ, կուրատոր |
Մուրա Գարե, գլխավոր պրոդյուսեր |
Դասընթացի ընթացքում հյուրերը կներկայացնեն իրենց փորձը սոցիալական մեդիայի և կոնտենտ մարքեթինգի ոլորտում, մշակութային պատմությունների ընտրության ու դրանց բովանդակության մշակման , «Boiler Room» երաժշտական հեռարձակման հարթակի գործունեությանն ու դրա սոցիալական, մշակութային և կոմերցիոն կողմերին։ Բանախոսները կխոսեն նաև լսարանի ընդլայնմանն ուղղված մարքեթինգային ռազմավարության օրինակների շուրջ։
Դասընթացը կուղեկցվի համաժամանակյա թարգմանությամբ և հյուրասիրությամբ:
Մասնակցության համար խնդրում ենք ներբեռնել ստորև կցված հայտադիմումը և լրացված ձևաթուղթը ուղարկել Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի օգնական Արմինե Թումանյանին (էլ. հասցե. Armine.Tumanyan@britishcouncil.am)։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի մարտի 2-ը:
«Boiler Room»-ի մասին
«Boiler Room» -ը երաժշտական հեռարձակման հայտնի հարթակ է։ Այն հիմնադրվել է 2010 թ-ին Լոնդոնում և երաժշտական միջոցառումներ կազմակերպել աշխարհի 100-ից ավելի քաղաքներում, այդ թվում Լոնդոնում, Ամստերդամում, Նյու Յորքում, Բեռլինում։ Յուրաքանչյուր ամիս հարթակը թողարկում է 30-35 երաժշտական ստեղծագործություն։ Ստեղծագործական սկզբնական շրջանում հարթակն առավելապես թողարկել է էլեկտրոնային երաժշտության գործեր, սակայն ժամանակի ընթացքում ընդլայնել է ոճային ուղղությունները, ներառելով հիփ հոփ, ջազ, և դասական երաժշտական համարներ։
The Selector Pro -ի մասին
Selector PRO-ն նպատակ ունի կիսվել երաժշտական արդյունաբերության կառավարման ՄԹ փորձով, որպեսզի հայաստանյան մասնագետները հարստացնեն իրենց արդեն իսկ ունեցած գիտելիքները և կատարելագործեն հմտությունները ժամանակակից հասարակությունում գոյություն ունեցող երաժշտական միտումների, ինչպես նաև բրիտանական երաժշտական արդյունաբերության առանձնահատկությունների մասին։ Այս միջոցառման գաղափարը ծնվել է Բրիտանական խորհրդի կողմից Selector երաժշտական ծրագրի արդյունքում, որը բաղկացած էր ռադիո հաղորդումից և Selector Live փարթիների շարքից․այստեղ հայկական լսարանին էր ներկայացվում լավագույն նոր երաժշտություն։ Selector-ը ներկայացնում է բացառիկ ուղիղ հեռարձակումներ, միքսեր և հարցազրույցներ Մեծ Բրիտանիայի ամենանշանավոր արվեստագետների հետ, որոնք ներկայանում են երաժշտական ոճերի մեծ բազմազանությամբ ինդիից, դաբսթեփից, ֆոլքից, սոուլից, էլեկտրոյից մինչև մնացած այն ամենը, ինչն ընկած է թվարկվածների միջանկյալ տիրույթում։