Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ներկայացնում է «Կանդուկո» ներառական պարային խմբի` երկու մասից բաղկացած ներկայացումը մարտի 16-ին և 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մուտքն ազատ է:
Հաշմանդամություն ունեցող և այլ պարային կատարողները ներկայացնում են խոստումնալից, յուրօրինակ խորեոգրաֆիայով եւ հուզիչ կատարմամբ բեմադրություն։ «Կանդուկոյի» կատարողները Թրիշա Բրաունի հռչակավոր «Set and Reset/Reset» պարային ներկայացման իրենց տարբերակով բացահայտում են նորանոր հնարավորություններ՝ հանրահայտ արվեստագետ Լորի Անդերսոնի երաժշտական կատարման ուղեկցությամբ։ Դասական պարի վառ ներկայացուցիչ Ալեքսանդր Ուայթլին հայտնի է իր ապշեցուցիչ ֆիզիկական եւ վիրտուոզ պարային կատարումներով։ «Beheld» կատարման մեջ յոթ պարող բացահայտում է տարածական սահմանափակումներն ու հնարավորությունները՝ փոփոխելով մեր մտապատկերն ու հայացքը։
«Կանդուկո»-ն ներառական պարային ընկերություն է, որն իր հաշմանդամություն ունեցող և այլ պարային կատարողների յուրօրինակ ներկայացումների շնորհիվ հուզում, մարտահրավեր է նետում և ընդլայնում արվեստի ու մարդկային կարողությունների մասին մեր պատկերացումները։
«Կանդուկո»-ն ամենամյա շրջագայություններով հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում և աշխարհում՝ 18,000 հանդիսատեսի առջև և իրականացնում լայնածավալ ուսուցողական ծրագիր: «Կանդուկո»-ն, ի թիվս Coldplay-ի և այլ կատարողների, հանդես է եկել 2012 թ. Լոնդոնում ամառային պարալիմպիկ խաղերի փակման արարողության ժամանակ:
Ներկայացումները տեղի կունենան «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում: