Հուլիսի 9-ից 16-ը «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Play UK բրիտանական կինոյի շաբաթը:
Այս տարի Բրիտանական խորհրդի համագործակցությունը կինոփառատոնի հետ ընդլայնվում է և այսուհետ լինելու է շարունակական՝ ընդգրկելով համապարփակ և բազմաշերտ ծրագրեր:
Այս տարի Play UK ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին տարիների բրիտանական փաստագրական ֆիլմերի ընտրանին և օսկարակիր Հյու Հադսոնի երեք ֆիլմ:
Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում, Սիրահարների այգում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և Ազատության հրապարակում: Փառատոնային յուրաքանչյուր օր կցուցադրվի մեկ ֆիլմ:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան է ժամանելու կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հյու Հադսոնը, ով նաև կնախագահի «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Նա կանցկացնի հանդիպում քննարկում:
Շոտլանդական ծագումով անգլիացի կինոռեժիսորը նկարահանել է «Ֆանխիո», «Հրե անվակառքեր», «Գրեյսթոուք. Կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը», «Մոլորված հրեշտակներ» և այլ մրցանակակիր ֆիլմեր: «Հրե անվակառքեր» ֆիլմն արժանացել է Օսկարի լավագույն կինոնկար անվանակարգում, իսկ «Մոլորված հրեշտակներ» ֆիլմը ներկայացվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին»:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ փառատոնի օրերին Հայաստանում է լինելու բեմագրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող, խորհրդատու Մերիլին Միլգրոմը: Նա եռօրյա դասընթացներ կվարի հայ պրոֆեսիոնալների համար, որի ընթացքում կներկայացնի ֆիլմ վաճառելու հմտությունները: Դասընթացները կանցկացվեն հուլիսի 12-ից 15-ը:
Մերիլին Միլգրոմը 2012 թվականից աշխատում է Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի հիմնադրամում որպես բեմագիր-խորհրդատու: Մերիլին ըներգրավված է եղել Փիթեր Սթրիքլենդի «Բուրգունդի այիդուքսը», Քերոլ Մորլիի «Անկում», Սառա Գեվրոնի «Սուֆրաժիստուհին», Քլիո Բեռնարդի «Մութգետը» (ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին) և Քլեյր Դենիսի «Բարձրաշխարհիկ կյանք» (ֆիլմը նկարահանման նախնական փուլում է) կինոնկարների բեմագրերի մշակման աշխատանքներում: